Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մանրամասներ է ներկայացրել ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու մասին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է, որ Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում նոյեմբերի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացու նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն. դրամ։ «Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության, 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք: Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու.-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն. դրամ»,- նշված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության՝ կատարողական գործողությունները, այդ թվում նաև ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նշվում է, որ Ազիզ Ու.-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Լրահոս