Հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու վերստին խոստանում երբեք չմոռանալ դա. Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուղերձ է հղել հայկական հիշատակի օրվա կապակցությամբ։ «Այսօր մենք խոնարհվում ու հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ու վերստին խոստանում երբեք չմոռանալ դա։ 1915թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին և դրանով սկզիբ առավ հայերի դեմ բռնությունների համակարգված արշավը։ Սրան հաջորդած տարիներին տեղահանություններին, կոտորածներին և մահվան երթերին զոհ գնացին մեկուկես միլիոն հայեր. ողբերգություն, որը սերնդեսերունդ իր հետքն է թողել հայկական ընտանիքների վրա։ Հիշելով պատմության այս ցավալի դեպքերը աշխարհի տարբեր երկրների հետ՝ մենք նաև տուրք ենք տալիս հայ ժողովրդի տոկունությանն ու կամքին։ Ցեղասպանությունը վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել նոր վայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ և ամբողջ աշխարհում հայ մարդը ատելության չարիքին արձագանքել է հույսով։ Հայերը վերստին կառուցել են իրենց համայնքները։ Նրանք փայփայել են իրենց ընտանիքներին և պահպանել են իրենց մշակույթը։ Նրանք հզորացրել են մեր երկիրը։ Նրանք նաև իրենց և իրենց նախնիների անցած ճանապարհի մասին են պատմել, որպեսզի հիշենք ու ապահովենք, որ 108 տարի առաջ տեղի ունեցած բնաջնջման արշավի կրկնություն երբևէ չլինի։ Թույլ տվեք այսօր վերահաստատել այս խոստումը։ Եկե՛ք նորից պարտավորվենք ատելության դեմ մեր խոսքն ասել, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները։ Եվ եկե՛ք միասին կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կապրեն արժանապատվորեն, կվայելեն հարգանք, կլինեն անվտանգ ու ապահով»,-նշված է ուղերձում։

Լրահոս