«Հավատալ և դուրս գալ փողոց». ընդդիմությունը հայտնեց՝ փողոցային նոր ակցիաներ կլինեն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ Արցախը և Հայաստանը փրկելու պարտականությունը ՀՀ բոլոր քաղաքացիներինն է: «Ես վստահեցնում եմ ձեզ, որ եթե քաղաքացիներն օգտագործեին իրենց բոլոր լծակները, եթե հավատային մեր այն հորդորին, որ գնում ենք էլ ավելի վատթար իրավիճակի ու միանային, իրավիճակն ավելի լավ կլիներ: Բայց իրավիճակն անհույս չէ, դեռ կարելի է ամեն ինչ փրկել, դրա համար ես մտահոգ քաղաքացիներին կոչ եմ անում աջակցել ընդդիմադիր ուժերին, հավատալ և դուրս գալ փողոց», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Խաչատրյանն ասաց, թե իրենք աշխատում են թե՛ խորհրդարանում, թե՛ խորհրդարանից դուրս: «Քաղաքացիների մոտ դժկամություն կա, դա է պատճառը, հավանաբար, որ նրանք, ովքեր տանը նստած են ու բողոքում են իշխանություններից, պակաս ակտիվ են իրենց աջակցությունը հայտնում մեզ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը: Նա ասաց, թե փողոցային նոր ակցիաներ կլինեն, իսկ թե երբ` չասաց:

Լրահոս