Հաստատվել են կամավոր ատեստավորումն անցած և հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորումն անցած համարվող, դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ համաձայն հրամանի՝ կամավոր ատեստավորում անցած են համարվել ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները: Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ 5 տարի ժամկետով հավելավճար ստացող ուսուցիչների ցուցակները՝ ըստ ցուցաբերած արդյունքների՝ 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով, 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով, 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով: Ինչպես հայտնի է՝ ֆինանսական հատկացումներ ստանում են ատեստավորման 70 և ավելի տոկոսը հաղթահարած ուսուցիչները: Սահմանվել է, որ դրույքաչափի փոփոխությունը և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող հավելավճարները տրամադրվում են՝ սկսած 2022 թվականի հոկտեմբերի 1-ից: Հիշեցնենք, որ ըստ կամավոր ատեստավորման այս տարվա ծրագրի՝ գործընթացին կարող էր մասնակցել շուրջ 29 441 ուսուցիչ (5-12-րդ դասարանների բոլոր առարկայական ուսուցիչները): Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կամավոր ատեստավորման հայտ էր ներկայացրել 3886 ուսուցիչ (շահառուների շուրջ 13 տոկոսը), որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը՝ գրանցվածների 60 տոկոսը: Նախորդ տարի հնարավոր շահառուների ընդհանուր թիվը 15 417 էր, որոնցից գրանցվել էր շուրջ 9 տոկոսը: 2022 թվականի արդյունքներով կամավոր ատեստավորման փուլը հաջողությամբ հաղթահարել է մասնակիցների 2/3-րդը՝ 66 տոկոսը, սակայն ֆինանսական ավելացումներ ստանալու է 1059 ուսուցիչ՝ 30 %-ի չափով հավելավճար՝ 525 ուսուցիչ (մասնակիցների 23 %-ը), 40 %-ի չափով հավելավճար՝ 397 ուսուցիչ (մասնակիցների 17 %-ը), 50 %-ի չափով հավելավճար՝ 137 ուսուցիչ (մասնակիցների 6 %-ը): Նշենք նաև, որ ատեստավորված ու հավելավճար ստացող մանկավարժների դրույքաչափն ավելի վաղ սահմանվել է 200 հազար ՀՀ դրամ, որի նկատմամբ կկիրառվի հավելավճարը: 2023 թվականից սկսած՝ ատեստավորման գործընթացն անցկացվելու է նաև 1-4-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների և դասվարների համար։

Լրահոս