Հանրային քննարկման է ներկայացվել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պետական հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը նոր շարադրմամբ հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ 2021 թվականին Ազգային ժողովն ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով հանրակրթության ոլորտի 4 հիմնական ուղղություններով վերանայվել են համապատասխան մեխանիզմներն ու մոտեցումները, այն է՝ նոր բովանդակություն 12-ամյա կրթությանը, համընդհանուր ներառականություն, դասավանդողների մասնագիտական զարգացում և դպրոցական կառավարման բարելավված համակարգ: Հաստատությունների կառավարման համակարգի բարելավման գործընթացի շրջանակում, մասնավորապես, գործադիր երկու մարմինների գործառույթները տարանջատվել են: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել կարգավորումներ տալ տնօրենի և վարչատնտեսական համակարգողի գործառույթները սահմանող դրույթներում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ կանոնադրության որոշ դրույթներում կատարել հստակեցումներ: ՊՈԱԿ-ների կանոնադրության ներկայացվող նախագծով հաստատությունների կառավարման համակարգի գործընթացում առավել ճկուն և արդիական մոտեցումներ են ներդրվում: Կիրառելով նոր գործիքակազմեր՝ երկու գործադիր մարմիններին հնարավորություն է ընձեռվում իրենց լիազորությունների շրջանակում հաստատությունն արդյունավետ կառավարել, կրթական գործընթացի պատշաճ կազմակերպման նպատակով համագործակցել, ինչպես նաև իրականացնել աշխատանքի բաշխում և վերահսկում: Այսպիսով՝ նախագծի ընդունման պարագայում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը և հնարավորինս անխոչընդոտ կընթանա դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը: Կհստակեցվեն նաև դպրոցի սեփականության, նրան ամրացված գույքի և ֆինանսատնտեսական գործունեության, դպրոցի վերակազմակերպման և լուծարման հետ կապված իրավահարաբերությունները: Համաձայն որոշման նախագծի՝ բոլոր այն հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների կանոնադրություններում, որոնք անցում են կատարում «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված կառավարման նոր համակարգի, անցում կատարելուց հետո եռամսյա ժամկետում պետք է կատարվեն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև նոյեմբերի 9-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Լրահոս