Հանրային շենքերը մինչեւ այժմ հարմարեցված չեն հաշմանդամներին. պատգամավոր

անրային շենքերը Հայաստանում մինչեւ այժմ հարմարեցված չեն հաշմանդամներին, ինչպես դա պահանջում է օրենքը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում մարտի 1-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը՝ դիմելով  Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ 2021թ. հունիսին ուժի մեջ է մտել հետեւյալ պահանջը. հանրային բոլոր շենքերում պետք է տեղադրվեն հարմարանքներ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։  «Բայց անցել է մեկ տարի 8 ամիս, իսկ այդ հարմարանքներն ինչպես չկային, այնպես էլ չկան հիմա։ Դրանց պարզապես չես հանդիպի»,- տրտնջացել է Բաթոյանը։ Ի պատասխան՝ Ղուլարյանը հայտարարել է, որ կառավարությունը հաստատել է կարեւոր շենքերի ցուցակը, որոնցում նման հարմարանքներն անհրաժեշտ է տեղադրել առաջին հերթին։ «Դրանք են՝ Հնագույն ձեռագրերի ինստիտուտ-թանգարան՝ Մատենադարանը, Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնը, Ազգային գրադարանը, խորհրդարանը, կառավարությունը եւ այլ շենքեր։ Մենք նաեւ աշխատում ենք այդ շենքերի համար պատասխանատու գերատեսչությունների հետ»,- ավելացրել է պաշտոնյան։

Լրահոս