Հայաստանում COVID-19-ից մահացել է մոտ 8,7 հազար մարդ. առողջապահության նախարարություն

Հայաստանում COVID-19-ից մահացել է մոտ 8,7 հազար մարդ։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում COVID-19-ի դեմ ընդունված միջոցների պատշաճ գնահատականի համար որպես հիմք ավելի ճիշտ կլինի վերցնել ոչ միայն մահացության ցուցանիշը, այլեւ դրա համեմատությունը Հայաստանի պես երկրների համանման ցուցանիշների հետ։ «Ես չէի ցանկանա կոնկրետ երկրներ նշել, բայց կան պետություններ, որոնց համեմատ COVID-19-ից Հայաստանում մահացության մակարդակը կրկնակի ցածր էր։ Եվ դա՝ այն պայմաններում, երբ Հայաստանը զուգահեռ դիմակայում էր թե՛ COVID-19-ին, թե՛ արտաքին ագրեսիային։ Բացի այդ, ի տարբերություն անգամ զարգացած շատ երկրների՝ Հայաստանում բուժսարքավորումների կամ անհատական պաշտպանության միջոցների անբավարարության խնդիր չի առաջացել։ Մենք ոչ մի անգամ չենք բախվել նման խնդրի»,- հավաստիացրել է նախարարը։ Ավանեսյանն ընդգծել է, որ Հայաստանում ապահովվել է պատվաստանյութերի առավելագույն բազմազանություն, ինչպես նաեւ հասանելիություն։

Լրահոս