Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն օրեցօր խորանում են. պատգամավոր

Հայաստանում ժողովրդագրական խնդիրներն օրեցօր խորանում են։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ ծնելիության մակարդակն ու արտագաղթի տեմպերն այս ընթացքում ոչ մի կերպ չեն բարելավվել։ «Փոխարենը ներկայացնում են ինչ-որ ծրագրեր, որոնք զուրկ են սոցիալական ազդեցության որեւէ գնահատականից»,-ասաց Ավետիսյանը: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում հետեւողականորեն կրճատվում են գյուղատնտեսության իրական ծավալները։ «Սա է պատճառներից մեկը, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճը զգալիորեն բարձր է միջին գնաճի ցուցանիշներից։ Մեկ այլ կարեւոր հանգամանք էլ այն է, որ մենք գնում ենք հակառակ ճանապարհով։ 2018 թվականից հետո մեր երկրում պարենային ապրանքների մատչելիության մակարդակը 65 տոկոսից նվազել է մինչեւ 47 տոկոս, ինչը լուրջ խնդիր է»,-նշեց պատգամավորը։ Ըստ նրա՝ այսօր առկա են աճող գնաճի բոլոր նշանները։ Կանխատեսումների համաձայն՝ այն կշարունակվի նաեւ հաջորդ տարի։

Լրահոս