Հայաստանն ունի ռուսական ապրանքների տեղաշարժի կարեւոր հանգույցներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները․ փորձագետ

Հայաստանն ունի ռուսական ապրանքների արտադրության ու վաճառքի եւ Ռուսաստանի համար անհրաժեշտ ապրանքների ստեղծման կարեւոր հանգույցներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Ռուսակովը։ Նրա խոսքով, Հայաստանի նշանակությունը արմատապես բարձրացել է նաեւ այն բանից հետո, երբ վերջերս Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու որոշում է կայացվել։ «Սա խոսում է այն մասին, որ մի շարք ապրանքների եւ ապրանքային նմուշների գները կնվազեն։ Նախորդ պայմանագրով եղել է մոտ 1000 ապրանք, որոնց մաքսատուրքերը նվազեցվել են։ Այս համատեքստում բարձրանում է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերը»,- նշեց Ռուսակովը։ Փորձագետը պարզաբանեց, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը դարձել է կարեւոր գործընկեր, այդ թվում՝ մեկ մաքսային տարածքի շրջանակներում գտնվելու շնորհիվ։ «Մեծ քանակությամբ առեւտրային տարածքներ են ազատվում, եւ սա նույնպես հնարավորություն է բացում սպառողական ապրանքների ոլորտում աշխատող հայկական բիզնեսի համար։ Մինչ ռուսական հատուկ գործողության մեկնարկը Սվերդլովսկի մարզի գյուղմթերքի հայազգի արտադրողները Բելառուսից հետո երկրորդ տեղն էին զբաղեցնում սննդամթերքի արտասահմանյան մատակարարների շարքում»,- հավելեց նա։

Լրահոս