Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, համաձայնությունները չունեն իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից հետո դիտվելու են առ ոչինչ․ Հայտարարություն

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացվեց հայտարարություն՝ ուղղված Հայաստանի և Արցախի ժողովրդին ու միջազգային հանրությանը։ Հայտարարության տեքստն ընթերցեց արցախյան շարժման ակունքներում կանգնած մտավորական, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը․ «Մենք ողջունում ենք արցախահայ քույրերի և եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս գաղափարն է ՀՀ անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցահայերի անօտարելի իրավունքների իրացմանը, մեր երկիրը ներքաշում է աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլյացիա։ Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։ Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի։ «Զանգեզուրի միջանցքի» թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք, Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները, վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Թուրքիան չպետք է Հայաստանի Հանրապետության հետ խոսի վերջնագրերի լեզվով։ Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Համաձայն ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ․ հուլիսի 8-ի որոշման, ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր։ Հայաստանի օրվա իշխանությունն, ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումներն ու կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։ Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում։ Մենք հայտարարույմ ենք, որ ՀՀ սահմանադրության, ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով՝ ՀՀ օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից հետո դիտվելու են առ ոչինչ։ Մեր համոզմամբ՝ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի»։

Լրահոս