Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ էսկալացիայի եւ դիմակայության վտանգը պահպանվում է․ Վալերի Սեմերիկով

Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է։ Հինգշաբթի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ընթացիկ տարում մեր կազմակերպության պատասխանատվության գոտում տեղի ունեցած իրադարձություններն ու միջադեպերը ցույց են տվել ճգնաժամային իրավիճակներին ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմի օպտիմալացման անհրաժեշտությունը։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանձնարարությամբ այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի համապատասխան փաթեթը պատրաստ է եւ համաձայնեցվում է»,- ասել է նա։ Սեմերիկովն ընդգծել է, որ աշխարհակարգի վերափոխման ներկա շրջանը դարձել է միավորման պետությունների համար կայունության ամենալուրջ փորձությունը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքը Կիեւին դրդում հակամարտության սրմանը՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախները նույնպես աջակցություն են ստանում։ Այսպիսով, պահպանվում է Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ էսկալացիայի եւ դիմակայության վտանգը, նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Լրահոս