Հայաստանի գրեթե բոլոր հատվածներն ադրբեջանական ներխուժման վտանգի տակ են․ Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը «Նոր ռազմական գործողությունների ռիսկեր» թեմայով քննարկմանը հորդորեց Հայաստանի տարածքում Ադրբեջանի ագրեսիայի դրսևորումները չբնութագրել որպես «սահմանային լարվածություն»։ «Կան ակնհայտորեն օկուպացիայի ենթակա և օկուպացված առանձին տարածքներ, ադրբեջանական ռազմական ներխուժում, և Հայաստանի գրեթե բոլոր հատվածներն այդ ներխուժման վտանգի տակ են»,- ասաց Մինասյանը։ Ինչ վերաբերում է ընդհանուր լարվածությանը, պահպանվող լարված մթնոլորտին, ապա դրա մեղավորն, ինչպես նշեց Արծվիկ Մինասյանը, Հայաստանի գործող իշխանությունն է՝ իր վարքագծով։ «Հայաստանի իշխանությունը, ըստ էության, մեր հիիմնական ռազմավարական դաշնակիցների՝ հետ հարաբերություններում ներառել է բացահայտ անվստահության մթնոլորտ, փաստերի առաջ կանգնեցնելու վարքագիծ է դրսևորել․ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի, թե՛ մեր այն դաշնակիցների հետ, որոնք աշխարհով մեկ պատրաստ են հայ ժողովուրդների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ հանդես գալ, ինչպես Ֆրանսիայի Սենատն արեց»,- նշեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։ Այս համատեքստում Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում ընդդիմությունն առաջարկում էր Ադրբեջանի գործողությունները դատապարտող այնպիսի հայտարարություն ընդունել, որն իր շեշտադրումներով և ուղերձներով ավելի թույլ չպետք է լինի և ավելի նվազ պահանջներ չառաջադրի, քան Ֆրանսիան է առաջադրել Ադրբեջանի հարցով, այնինչ իշխող ուժը պատճառաբանում էր, թե դրանով ավելի «կբարկացնեն» Ադրբեջանին։ «Սա աբսուրդ է։ Այսինքն, չօգտագործես քո ժողովրդի ապրելու իրավունքի բանաձևը, ինչ է, թե Ադրբեջանն ավելի՞ կլարվի։ Հակառակը, այսպիսի վարքագծով մենք զրկում ենք այլ երկրներին՝ մեզ աջակցելու հնարավորությունից»,- շեշտեց Արծվիկ Մինասյանը։

Լրահոս