Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որ Լաչինի միջանցքը ժամ առաջ, վայրկյան առաջ բացվի. ՀՀ նախագահ

Հայաստանը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքն օր առաջ բացվի։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով երկրի անվտանգային խնդիրներին։ «Կյանքը շարունակվում է, մենք բոլոր ուղղություններով պարտավոր ենք աշխատել։ Մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի Լաչինի միջանցքը մեկ օր, մեկ ժամ առաջ, մեկ վայրկյան առաջ բացվի, բայց դա չի նշանակում, որ մնացած աշխատանքները չպետք է անենք։ Կյանքն այդպես է, եթե չես անում, Լաչինի հարցն էլ չենք կարողանալու լուծել»,– նշեց նախագահը։ Նա հանրությանը խնդրեց առօրյա կյանքում հանդիպող բոլոր պարտավորություններն անել, հատկապես պետական կառույցներում։ «Պատահական չէ, որ խոսում եմ տնտեսական հաջողություններից: Եթե տնտեսական հաջողություններ չունենանք, ոչ մի խնդիր էլ չենք կարող լուծել: Պետք է բոլորն իմանան, որ մեր պետությունն աստիճանաբար ոտքի է կանգնում։ Մեր հակառակորդ պետությունը, որն այդպես էլ չի ցանկանում խաղաղ ապրել, բայց ստիպված է լինելու դա անել, իրենք թույլ չեն տա, որպեսզի մեր տնտեսական հաջողությունները շարունակական լինեն։ Պետք է կարողանանք սա ապահովել»,– նշեց ՀՀ նախագահը: Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։ Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։

Լրահոս