Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ. ԱԽ քարտուղար

Ադրբեջանական կողմը մշտապես բարձրացնում է, ինչպես իրենք ասում են, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցքի» բացման հարցը. Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը տվյալ հարցի նկատմամբ չի փոխվել. Հայաստանի տարածքում չի կարող լինել ճանապարհ կամ տրանսպորտային երթուղի միջանցքի տրամաբանությամբ: Այս մասին ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նաեւ նշել է. «Ես բազմիցս դրա մասին հայտարարել եմ և ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2020 թվականի նոյեմբերի 10-ի № 695 «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանմանն ուղղված միջոցառումների մասին» հրամանագրում նման միջանցքների մասին որևէ հիշատակում չկա: Ուստի մենք անընդունելի ենք համարում ձեռք բերված պայմանավորվածությունների կամայական և իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունը։ Միաժամանակ, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցի իրական լուծմամբ և աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ Աշխատանքային խմբի գործունեությանը: Այս աշխատանքային խմբի գործունեությունը բխում է նրանից, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն պետությունների լիակատար ինքնիշխանության ներքո և ազգային օրենսդրության շրջանակներում, որոնց տարածքով անցնում են: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ երեք անցակետեր բացելու մասին, վաղուց արդեն պաշտոնական շրջանառության մեջ է։ Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես տեսնում ենք, շահագրգռված չէ նման կառուցողական եղանակով հարցի իրական լուծմամբ և շարունակում է առաջ քաշել լուծման «միջանցքային» տարբերակը, որն ընդունելի չէ Հայաստանի համար: Մի խոսքով, շատ դժվար է երկխոսել և պայմանավորվել նրանց հետ, ովքեր երկխոսելու ցանկություն չունեն և բոլորովին այլ նպատակներ են հետապնդում։ Հարգելի գործընկերներ, Վերոնշյալի համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ խոսքը տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացման մասին է, և երբեմն անտեսվում կամ չի հիշատակվում այն հանգամանքը, որ համաձայն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների՝ մեջբերեմ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարության 9-րդ կետը, «Ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»: Այսինքն՝ հաղորդակցությունները պետք է բացվեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Հայաստանի համար: Այսինքն՝ դա ոչ թե միակողմանի ճանապարհ է, այլ համապարփակ գործընթաց, որից պետք է օգուտ քաղեն բոլոր կողմերը: Մասնավորապես, Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների և կապուղիների օգտագործմամբ՝ նպատակ ունենալով երկու ուղղություններով բեռնափոխադրումներ իրականացնել»:

Լրահոս