Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա

Հայաստանը մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն է ուղարկել Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,– գրել է նա Twitter-ում։ Հայաստանը հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Թուրքիա էր ուղարկել փետրվարի 11-ին։ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայտնել էր, որ հայկական կողմը 100 տոննա օգնություն է ուղարկել Ադիյաման։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը անցել է 35 հազարից: Այս երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 4500–ը: Նշենք, որ որոնողափրկարարական թիմերը Հայաստանից Թուրքիա և Սիրիա են մեկնել փետրվարի 8-ին։

Լրահոս