Համատիրությունները լավ չեն աշխատում. Այսուհետ շենքերի կառավարումը կդիտարկվի որպես մասնագիտական գործունեություն

Կառավարությունն այսօրվա՝ հոկտեմբերի 13-ի նիստում հավանություն տվեց «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի փոփոխություններին, որով բազմաբնակարան շենքի կառավարումը օրենսդրությամբ կդիտարկվի որպես մասնագիտացված գործունեության տեսակ, իսկ շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց կներկայացվեն մասնագիտական որակավորման պահանջներ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ բազմաբնակարան շենքի կառավարման մարմինները՝ համատիրությունները, գրեթե չեն ձեռնարկում օրենքով սահմանված կարգով շենքի պահպանմանն ուղղված պարտադիր իրականացման ենթակա միջոցառումներ՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց առողջությունն ու անվտանգությունը: Համատիրությունների հիմնական խնդիրը` հավաքագրել շենքերի սեփականատերերի միջոցները ու դրանք ուղղել սահմանված պարտադիր նորմերի շրջանակներում տվյալ շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման ու անվտանգ շահագործման ապահովմանը: Այդուհանդերձ, այդ գործառույթն իրականացվում է հիմնականում ոչ պատշաճ, որում գերակշռող պատճառ է հանդիսանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական գիտելիքների, հմտությունների և կարողությունների բացն, ինչն էապես սահմանափակում են առաջընթացի հնարավորությունները: Միաժամանակ, օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2025 թվականը:

Լրահոս