Համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել ոսկետափցի 32-ամյա մի երիտասարդ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրազենով մարմնական վնասվածք էր պատճառել 27-ամյա համագյուղացին, որը ավտոտեխսպասարկման աշխատակիցն է: Պարզվել է նաև, որ դեպքից հետո ոսկետափցի 16-ամյա պատանին հրազենը թաքցրել էր կիսակառույց շինությունում: Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա երիտասարդը գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հայտնաբերվել է նաև 16-ամյա պատանին: Նրանք ներկայացվել են Վեդու քննչական բաժին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ոսկետափ գյուղի Նահապետ Քուչակի փողոցի կիսակառույց շինությունում հայտնաբերվել է մեկփողանի ողորկափող հրացանը՝ 16 մմ տրամաչափի 7 դատարկ և 11 լիցքավորված փամփուշտներով: Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդու քննչական բաժին:

Լրահոս