Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հոկտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։ Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցել է Սուրբ Էջմիածնի միաբանությանը։ Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքը նաև իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարվելիք Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին:

Լրահոս