«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության զոհերի թիվը 139 է

Մոսկվայի մարզի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 139-ի: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինին։ «Հարձակման հետևանքով զոհվել է 139 մարդ, որոնցից այսօր պարզվել է 75-ի ինքնությունը։ Զոհվածների թվում կա երեք երեխա։ Ընդհանուր թվից ահաբեկչության վայրում զոհվել է 137-ը, երկուսը մահացել են բուժհաստատություններում», - Բաստրիկինն ասել է մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ: Նրա խոսքով՝ հրազենային վնասվածքներից զոհվել է 40 մարդ, իսկ երկու հոգի մահացել է հրազենային ու կտրած-ծակած համակցված վնասվածքներից։ «Հրդեհից՝ բարձր ջերմաստիճանի և այրվող արտադրանքի ազդեցության հետևանքով մահացել է 45 մարդ։ Ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 182 մարդ», - ասել է Բաստրիկինը։ Քննչական կոմիտեի ղեկավարը հավելել է, որ մահվան պատճառները և տուժածների ինքնությունը պարզելու համար նշանակվել և իրականացվում է 160 դատաբժշկական փորձաքննություն։ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան. մի քանի մարդ կրակ է բացել համերգի այցելուների վրա, այնուհետև հրդեհ է սկսվել։ Ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր չորս ահաբեկիչները։

Լրահոս