Կրթության տեսչական մարմինը Արմավիրի տարածաշրջանային քոլեջում կրթության կազմակերպանը վերաբերող խախտումներ է արձանագրել

Կրթության տեսչական մարմինը հոկտեմբերին ստուգումներ է իրականացրել Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում, որտեղ երկու ամիս է դասապրոցեսը խաթարված է եւ կրթության կազմակերպան վերաբերյալ խախտումներ արձանագրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը։ «Կրթության տեսչական մարմինը ԿԳՄՍ նախարարի գրության հիման վրա է Արմավիրի տարածաշրջանային քոլեջում հոկտեմբերին ստուգում իրականացրել։ Ըստ ներկայացված տվյալների՝ կրթության կազմակերպումը շատ վատ վիճակում էր այդ քոլեջում։ Ստուգումներից հետո տասնօրյա ժամկետում Կրթության տեսչական մարմնի ծառայողները կազմել են ակտի նախագիծ, որում ներկայացված են քոլեջում հայտնաբերված կրթության կազմակերպմանը վերաբերող խախտումներ։ Ստուգումների մասին օրենքի համաձայն՝ այդ ակտը ներկայացվել է քոլեջի տնօրենի կարծիքին, որը առարկություններ կամ էլ առաջարկություններ ունենալու դեպքում կարող էր ներկայացնել տեսչական մարմին։ Օրենքով սահմանված հնգօրյա աշխատանքային օրը լրացրել է երեկ, բայց քոլեջի տնօրենը առարկություններ կամ էլ առաջարկություններ այդպես էլ չի ներկայացրել։ Երկար փորձերից հետո այսօր մեզ հաջողվեց կապվել քոլեջի տնօրենի հետ, որն ասաց, թե ոչ մի առարկություն չի ներկայացնի, փոխարենն իր փաստաբանը բոլոր առարկությունները կներկայացնի դատարան։ Զգուշացնելուց հետո, որ առարկությունները տեսչական մարմին ներկայացնելուց հետո հնարավոր է դրանց հիման վրա ստուգման ակտում փոփոխություններ կատարվեն, քոլեջի տնօրենը հրաժարվեց ներկայացնել եւ Կրթության տեսչական մարմինը սահմանված կարգով այսօր ակտը կներկայացնի ԿԳՄՍ նախարարին` քննարկման համար»,– ասաց Ռաիսա Գալստյանը։ Կրթության տեսչական մարմինը սեպտեմբերին, երբ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենի հրաժարականի պահանջով դասախոսները գործադուլ էին սկսել, եւ դասապրոցեսն էլ խաթարվել էր, արագ արձագանքման խումբ էր ստեղծել, որը գնացել էր ու ծանոթացել քոլեջում տիրող իրավիճակին։ Ըստ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի փոխարինողի՝ արագ արձագանքման խմբի գնալուց հետո քոլեջում վերականգնվել էր դասապրոցեսը, բայց կարճ ժամանակ անց կրկին խաթարվել։ «Մենք անընդհատ կապի մեջ ենք քոլեջի ուսումնական մասի ղեկավարի եւ ԿԳՄՍ համապատասխան վարչության հետ, որ դասապրոցեսը բնականոն հունով շարունակվի, դե տնօրենի հետ էլ ինչպես արդեն ասացի դժվարությամբ ենք կապի դուրս գալիս»,– ասաց Ռաիսա Գալստյանը։ Կրթության տեսչական մարմնի իրականացրած ստուգումներն ըստ Ռաիսա Գալստյանի՝ վերաբերում են բացառապես կրթության բովանդակությանը։ Նրա խոսքով՝ տեսչական մարմինը լիազորություն չունի չարաշահումների մասով ստուգումներ իրականացնել։ Հիշեցնենք, որ քոլեջի դասախոսները բարձրաձայնում էին նաեւ չարաշահումների մասին։ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի փոխարինողն ասաց, որ Արմավիրի տարածաշրջանային քոլեջի տնօրենի խնդրանքով հոկտեմբերից առաջ էլ ստուգում էր իրականացվել՝ նախկին տնօրենի գործառույթների հետ կապված։ Կրկին կրթության կազմակերպման հետ կապված խնդիրներ էին հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական տարվա սկզբից դասախոսները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը։ Դասախոսական անձնակազմը Անգին Արշակյանին մեղադրում է քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, երբ նա ըստ դասախոսների՝ դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։ Ուսումնական տարվա սկզբին քոլեջի տնօրենը աշխատանքից ազատել էր Ֆիզկուլտուրայի մասնագետին եւ բուժքրոջը։ Քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը նախօրեին մեզ հետ զրույցում ասել է, որ աշխատանքից ազատվել է եւս վեց աշխատակից։ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշել էր, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի եւ Սուսաննա Մարգարյանի կողմից։

Լրահոս