Կրեմլը մեկնաբանել է ուկրաինական հակամարտության վերաբերյալ 3-րդ երկրների խաղաղարար նախաձեռնությունները

Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը հաշվի առնող ցանկացած գաղափար արժանի է ուշադրության, Ռուսաստանը պատրաստ է դա լսել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ երրորդ երկրներից առաջարկվող խաղաղարար նախաձեռնությունները, գրում է РИА Новости-ն։ Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է սկսեն խոսել Ուկրաինայում կարգավորման հասնելու մասին, այլ ոչ թե խրախուսեն հակամարտությունը։ Նա կոչ էր արել այն երկրներին, որոնք ներգրավված չեն ուկրաինական հակամարտությունում, պատասխանատվություն ստանձնել կարգավորման նպատակով բանակցությունները առաջ մղելու համար, ինչպես նաև Ռուսաստանին տրամադրել «նվազագույն պայմաններ» այս հակամարտությունը դադարեցնելու համար։ Բացի այդ, Լուլա դա Սիլվան առաջարկել էր ստեղծել G20-ի նման ձևաչափ՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ «Ցանկացած գաղափար, որը հաշվի է առնում Ռուսաստանի շահերը, Ռուսաստանի մտահոգությունները, իհարկե, արժանի է ուշադրության և, իհարկե, դա պետք է լսել: Եվ Ռուսաստանը պատրաստ է դա անել: Մեզ համար գլխավորը սեփական շահերն ապահովելն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը։ Մեկնաբանելով բրազիլական կողմի նախաձեռնությունը՝ Պուտինի մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ վաղ է որևէ գնահատական տալու համար։

Լրահոս