Կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ դադարեցնել Ղարաբաղի շրջափակումը. կոնգրեսական Բիլ Քիթինգ

Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շարունակական շրջափակմամբ՝ Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու միջոցով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ Եվրոպայի, էներգետիկայի, շրջակա միջավայրի եւ կիբեռտարածության ենթահանձնաժողովի նախագահ եւ զինված ուժերի կոմիտեի ավագ անդամ Բիլ Քիթինգը։ «Չնայած ինձ ուրախացնում է այն փաստը, որ Ադրբեջանը վերականգնել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղում, ես կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարությանը անհապաղ դադարեցնել շրջափակումը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագիրը նախատեսում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անվտանգ տեղաշարժը երաշխավորելու պարտավորություն։ Ես կոչ եմ անում համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին պահպանել այդ պարտավորությունները եւ հարգել մարդու իրավունքները։ Ես համաձայն եմ պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական փոխգործակցությունը վճռորոշ նշանակություն ունի երկարաժամկետ խաղաղության համար։ Կայուն խաղաղության հասնելը նույնպես բխում է երկու երկրների շահերից՝ ինչպես տնտեսական, այնպես էլ անվտանգության առումով»,-գրել է ամերիկացի կոնգրեսականը։

Լրահոս