Կյանքից հեռացել է Վախթանգ Կիկաբիձեն

Վրաստանում 84 տարեկան հասակում մահացել է դերասան Վախթանգ Կիկաբիձեն։ Այս մասին հայտնել է վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերությունը։ Վրացի դերասան, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և կոմպոզիտոր, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վախթանգ Կիկաբիձեն ծնվել է 1938 թվականի հուլիսի 19-ին Թբիլիսիում։ Մանուկ հասակում ապրել է Վերե շրջանում` Փարաջանովի հարևանությամբ։ 1966 թվականին առաջին անգամ հանդես է եկել կինոյում՝ ռեժիսոր Նիկոլայ Սանիշվիլիի «Հանդիպում լեռներում» ֆիլմում։ 1969 թվականին առաջին անգամ նկարահանվել է Գեորգի Դանելիայի «Մի՛ վշտանա» ֆիլմում։ Հաջորդ նշանակալի ֆիլմը 1973 թվականին ռեժիսոր Գեորգի Շենգելայայի «Վերիյսկի թաղամասի մեղեդին» էր։ 1977 թվականին էկրան բարձրացավ Դանելիայի «Միմինո» ֆիլմը, որը 1978 թվականին արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1981 թվականին Կիկաբիձեն իր սցենարի հիման վրա նկարահանեց 4 մասանոց կատակերգություն՝ «Լա՛վ եղիր, բարեկամս» (Գաբրովո-83 Գրան պրի), իսկ 1985 թվականին՝ «Տղամարդիկ և այլք» ֆիլմը։ 1984 թվականին նկարահանվել է «ՏԱՍՍ-ը իրավասու է հայտարարել» հեռուստասերիալում (մրցանակ է ստացել ԽՍՀՄ Անվտանգության կոմիտեի կողմից)։ 1999 թվականին Մոսկվայի «Աստղերի հրապարակ»-ում դրվեց նրա աստղը, իսկ 2006 թվականին Թբիլիսիի ֆիլհարմոնիայի շենքի առջևի հրապարակում՝ նրա «Վրացական աստղը»։ Մի շարք մրցանակների ու շքանշանների դափնեկիր է։

Լրահոս