Կիևում հոսանքի անջատումները կարող են շարունակվել մինչև գարուն. Կլիչկո

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ անցյալ շաբաթ գնդակոծության հետևանքով վնասվել են Ուկրաինայի տարբեր շրջաններում գտնվող կարևոր էներգետիկ օբյեկտներ։ Նա քաղաքացիներին հորդորել է պատրաստվել նրան, որ հոսանքազրկումները կշարունակվեն մինչև գարուն, ինչպես նաև չի բացառել քաղաքի մասնակի տարհանումը։ ՌԲԿ «Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Կլիչկոն ասել է, որ Կիևում էլեկտրամատակարարումն արդեն ամբողջությամբ վերականգնվել է, սակայն համաուկրաինական էլեկտրացանցում սակավության պատճառով անջատումներ են իրականացվում։ «Անջատումները կարող են լինել մինչև գարուն։ Սա նաև կապված է ցածր ջերմաստիճանի հետ... ցուրտ եղանակին մարդիկ միշտ ավելի շատ էլեկտրաէներգիա են սպառում»,- պարզաբանել է քաղաքապետը։ Կլիչկոն նաև նշել է, որ Կիևը կարող է մասամբ տարհանվել։ Կիևում արդեն բացվել է 430 ջեռուցման կետ։ Կլիչկոն կոչ է արել քաղաքացիներին մթերել սնունդ և ջուր, ինչպես նաև ունենալ տաք հագուստ, լիցքավորված դյուրակիր համակարգիչներ և քարտեզներ ներբեռնել հեռախոսներում։ Նոյեմբերի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի տարածքը ենթարկվել է Ռուսաստանի զանգվածային հարվածների։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան այս հարվածներն անվանել է պատասխան «արևմտյան զենքի մատակարարմանը»։

Լրահոս