Կա պատրաստ զանգված պայքարելու. Կան սոցիոլոգիական հարցումներ. Իշխան Սաղաթելյան

Օրվա իշխանությունն իր օտարերկրյա գործակալական ցանցերով, իրենց սպասարկուներով հետեւողականորեն փորձում են հանրությանը տրամադրել, որ այլ ելք չկա, որ եթե պայքարենք Արցախի համար, կկորցնենք նաեւ Հայաստանը, կունենանք նոր զոհեր, նոր կորուստներ, ամեն ինչ վերջացած է, թույլ ենք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: «Այս գիծն անընհատ տրամադրում են հասարակությանը հուսահատության, որ կարողանան իրենց դավաճանական ծրագիրը հասցնեն ավարտին: Բայց մեր հանրությունը պետք է իմանա, որ սա միայն Արցախի հարց չէ, Արցախը կորցնելով կորցնելու ենք ամբողջ Հայաստանը: Առանց Արցախի չկա Հայաստան, Առանց Արցախի չի կարող լինել խաղաղություն: Սրանք հանրությանը մոլորեցնելով տանում են նոր ցեղասպանության ու կոտորածի: Արցախը զոհելով ուղղակի թշնամու զորքերն ու խրամատները մոտեցնելու ենք Երեւանին, հետեւաբար սա պայքար է առաջին հերթին Հայաստանի համար: Զիջելով չենք կարողանալու հասնել խաղաղության»,-ասաց նա: Իշխան Սաղաթելյանը վստահություն հայտվեց, որ կա պատրաստ զանգված պայքարելու, պետք է կարողանան այդ ուժերը համախմբել, մոբիլիզացնել. «Կան սոցիոլոգիական հարցումներ եւ մեր ժողովրդի ճնշղ մեծամասնությունը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Ինչքա՞վ է պատրաստ դրա համար պայքարել, եթե մենք բացատրենք բոլոր վտանգները, վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է: Ես գիտեմ, որ կան հիասթափված քաղաքացիներ, բայց ես վստահ եմ, որ նրանք նոյեմբերի 5-ի հանրահավաքին ներկա են լինելու»,-ասաց ընդդիմադիր գործիչը: Նա խոստովանեց, որ «Դիմադրության» շարժման ընթացքում եղել են նաեւ կազմակերպական բնույթի խնդիրներ. «Մենք բոլորից լավ գիտենք մեր թերություններն ու սխալները, եւ ամեն ինչ անում ենք դա շտկելու եւ պայքարը հղթական ավարտին հասցնելու համար»:

Լրահոս