Կարմիր խաչի ուղեկցությամբ 9 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ այսօր՝ փետրվարի 24-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 9 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ «Արևիկ» բուժմիավորումում 5 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 122 հիվանդ։

Լրահոս