Կառավարության շենքում նստած մարդը քաղաքական հոգեվարքի մեջ է, եւ նա դա շարունակում է  մեր ամեն մեկի հաշվին. Չալաբյան

Մեր բողոքի ակցիան զգալի ուշացած է, քանի որ պետք էր վաղուց բողոքեինք և հանգիստ չտայինք կառավարությանը, որովհետեւ այս կառավարության օրոք բանակը դարձել է երկրի խորթ զավակը, փորձում են քայլ առ քայլ բանակը ծնկի բերել, բանակը կազմաքանդել, կոտրել նրա մարտական ոգին, մարտական կարողությունը։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին կառավարության շենքի դիմաց «Համախմբում» շարժման անդամների «Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը» կոչով բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը: Նրա խոսքով, 44-օրյա պատերազմի ժամանակ այս իշխանությունն իր գործողություններով բանակը մենակ թողեց թշնամական կոալիցիայի դիմաց. «Հայկական բանակը մենակ էր մնացել, քանի այս իշխանությանը ոչ մեկը չէր վստահում, դաշնակիցները երես էին թեքել, Եվրոպան, ԱՄՆ լուռ էին, Իրանն առաջարկում էր իր օգնությունը, սրանք չէին ընդունում։ Բանակի ուսերին կոտրվեց ամբողջ պատերազմի բեռը։ Այս իշխանությունը նույնիսկ պատերազմին չկարողացավ պատրաստվել, մեր երկրի ռեսուրսները մոբիլիզացնել։ Իսկ այն, ինչ մենք ունեինք, կօգներ մեզ, որպեսզի կամ հաղթեինք կամ խուսափեինք պարտությունից, մենք չկարողացանք օգտվել։ Արդյունքում ծանր պարտություն կրեցինք, և այդ ծանր պարտությունը ջարդվեց բանակի ուսերին։ Համարյա 1000 սպա է զոհվել այդ պատերազմի ժամանակ»,- ասաց Չալաբյանը։ Նա ընդգծեց, որ այսքանից հետո էլ իշխանությունը քայլ առ քայլ շարունակում է ջարդել սպայակազմը, որը բանակի ողնաշարն է. «Հարյուրավոր քրեական գործեր են հարուցված սպաների դեմ։ Փորձում են մեզ բոլորիս համոզել, որ սպաներն են պարտվել այս պատերազմում, այն դեպքում, երբ պատերազմը կռվում և պարտվում են պետություններն իրենց ամբողջ կարողությամբ։ Բանակի բազմաթիվ սպաներ ստիպված հրաժարական են տալիս, դուրս են գալիս, քանի որ հասկանում են, որ հաջորդ քրեական գործն իրենց գլխին է ջարդվելու»,- ասաց Չալաբյանը։ Անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, Ավետիք Չալաբյանն ասաց. «Դեպքի մասին նոր ենք իմացել, առավոտյան արդեն 8 բարձրաստիճան սպա հեռացվում են պաշտոններից առանց ծառայողական հետաքննությամբ պարզելու այդ մարդկանց մեղքի բաժինը, կապ ունե՞ն, թե՞ ոչ, միանգամից մեղքի պատասխանատվության սլաքն ուղղում է իրենց վրա։ Առավոտ ելույթ է ունենում վարչապետի աթոռին նստածը, ասում է՝ գիտենք, ով ինչի համար է պատասխանատու, բոլորն իրենց պատիժը կստանան։ Առաջինը դու պետք է քո պատիժը ստանաս, որովհետև այն մարդկանցից շատերը, որոնց գործից հանել ես, այս գործի անմիջական պատասխանատուն չեն, իրենք մեղք էլ չունեն, որ զինվորները մնում են այդ ախոռի մեջ, քանի որ իրենք չեն այդ պատասխանատուն։ Դու ես դրա պատասխանատուն։ Դուք ամեն ինչ ձախողել եք։ Այս ջահելների արդյունը, կիսատ մնացած կյանքի, կիսատ մնացած երազանքները ձեր խղճի վրա են, դուք եք իրենց կյանքը, երազանքները ընդհատել, եթե այդպես շարունակվի, սա վերջինը չի լինի»։ Չալաբյանը հայտարարեց, որ կառավարության շենքից անընդհատ խփում են բանակին մեջքից. «Գնացեք և խոսեք սպաների հետ, իրենք այդ մասին կասեն, որ անընդհատ իրենց մեջքից են խփում։ Չգիտեն՝ ում դեմ կռվեն՝ թշնամո՞ւ, թե՞ սրանց, քանի որ վստահ չեն, որ իրենց թիկունքը պինդ է»,- ասաց նա: Չալաբյանն ընդգծեց, որ նման դժբախտությունը չկրկնվելու, ծնկաչոք չապրելու համար պետք է հեռացնել կառավարության շենքում նստած մարդուն, ում ժամանակը վաղուց սպառվել է, ով քաղաքական հոգեվարքի մեջ է, բայց ինքն իր հոգեվարքը շարունակում է մեր ամեն մեկի հաշվին. «Ինքը մեր կյանքն է տանում, մեր երեխաների կանքն է տանում։ Ուստի քո ժաmանակը սպառվել է։ Հեռացիր։ Ինչքան շուտ հեռանաս, այնքան լավ։ Քո հետևից ավելի լավերը կգան։ Ոչ մեկին մի վախեցրու, թե քո հետևից նախկիններն են գալու։ Չեն գալու, ժողովուրդը նմակիններին չի ընտրելու։ Հեռացիր»։

Լրահոս