«Կապիտուլյացիոն տրամաբանությամբ երկրի անվտանգությանը հարվածներ է հասցվում՝ տարբեր օրինագծերի տեսքով». Դավիթ Ջամալյան

Հոկտեմբերի 13-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսուհետև Հայաստանի զինապարտ բոլոր քաղաքացիները պետք է մասնակցեն տարեկան 25-օրյա վարժական հավաքի՝ 3-ամսյա վարժանքների փոխարեն։ Հիշեցնենք, որ դրանից առաջ էլ ՊՆ-ն շրջանառության մեջ էր դրել մի նախագիծ, ըստ որի՝ ժամկետային զինծառայողը կարող է վճարել 24 մլն դրամ, մասնակցել մի քանի ամիս դասընթացների, իսկ դրանից հետո ազատվել պարտադիր ժամկետային զինծառայությունից։ Այստեղ արդյո՞ք չկան հակասություններ, առհասարակ այս ամենն ի՞նչ նպատակ է հետապնդում։ 168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն անդրադառնալով նշված հարցերին՝ Հայաստանի այսօրվա իշխանության վարքագիծն ու վարած քաղաքականությունը բնորոշեց ընդամենը բեմականացում, իմիտացիա ադրբեջանական ագրեսիային դիմադրելու համար։ «Մինչդեռ իրականությունն այլ է, և ամեն ինչ շատ հստակ է՝ կապիտուլյացիոն տրամաբանությամբ՝ երկրի անվտանգությանը հարվածներ է հասցվում տարբեր օրինագծերի տեսքով։ Սա այդ կապիտուլյացիոն տրամաբանությամբ արվող քայլերից մեկն է։ Այն իրենից ընդամենը ներկայացնում է՝ դիմադրություն ցույց տալու, երկիրը պաշտպանելու պատրաստելու իմիտացիա, այլ ոչ թե այդ նպատակին ռեալ ծառայող գործողություն։ Բնականաբար, նշված ժամանակահատվածում հնարավոր չէ պատրաստել քիչ թե շատ պրոֆեսիոնալ, գոնե նվազագույն հմտություններով անձնակազմ։ Սակայն այդպես հայտարարում են և տպավորություն են ստեղծում, իբր երկիրը փորձում են պաշտպանել ադրբեջանական ագրեսիայից»,- նշեց Դավիթ Ջամալյանը։ Ըստ նրա՝ իշխանությունների նպատակը մեծ զոհերի գնով հասարակությանը հոգեբանորեն կոտրելն է, որպեսզի համակերպվի Արցախի, Սյունիքի կորստի հետ այդ աղետի ֆոնին։ Արցախի 44-օրյա աղետը հայ ժողովրդի դիմադրողական պոտենցիալը չի կոտրել, թեպետ որոշ չափով ընկճվածություն կա, բայց լայն առումով կա վերականգնվելու ռեսուրս։ «Այսօր դիմադրություն ցույց տալու կամք շատերն ունեն, և այսօր իշխանությանը հարկավոր է ունենալ մեծածավալ աղետի ֆոն, որպեսզի աղետաբեր պայմանագրերը ստորագրելիս դիմադրություն չլինի։ Երբ իշխանությունը բաղկացած լիներ բացառապես հայրենասերներից, ապա երկրի պաշտպանության համար ձեռնարկվելիք քայլերն այլ տրամաբանություն կունենային։ Ի վերջո, տարիներ շարունակ կա մոբիլիզացիոն ռեսուրսը տեղին կիրառելու մշակված սցենարներ, իսկ այժմ քաոտիկ ինչ-որ բան են ընտրում։ Այս ամենը պարզապես նպատակ ունի երկրի եղած պաշտպանողականությունը թուլացնելու։ Թերի պատրաստված և մեծ թվով մարդիկ առաջնագծում լրացուցիչ խնդիրներ են ստեղծում։ Այս ամենի փոխարեն, պետք է պատրաստեին պրոֆեսիոնալներ լրահամալրման հարցերով, առաջին հերթին՝ մոբիլիզացնեին ռազմական մասնագիտություններ ունեցողներին»,- հավելեց ռազմական փորձագետը։ Միաժամանակ նա ընդգծեց, որ այս տարվա օգոստոսի սկզբին, երբ Արցախում իրավիճակը լարված էր, Նիկոլ Փաշինյանը 720 մլն դրամ հատկացրեց իրեն պահպանելուն։ Ըստ որոշ հաշվարկների, իրանական հայտնի անօդաչուներն էժան են՝ 5-10 հազար դոլար, մոտավոր հաշվարկով, 720 մլն դրամով կարելի էր ձեռք բերել իրանական մոտ 144 անօդաչուներ։ «Ավերորդ համեստություն թող չլինի, բայց լուրջ կերպով տիրապետում եմ ադրբեջանական և թուրքական հոգեբանությանը, ըստ որի, եթե իմանում են, որ իրենց դիմաց պատրաստված դիմադրություն ցույց տալու ունակ հակառակորդ է՝ ագրեսիայի չեն դիմում։ Այսինքն՝ այդ 144 անօդաչուներն անգամ ունակ կլինեին կանխելու սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումը։ Եթե թուրքը գիտի, որ մենք դիմադրելու ռեսուրս ունենք, հարված չի հասցնում։ Այնպես որ, շատ քայլեր կան, որոնք իշխանությունը կարող է իրականացնել և նույնիսկ այս իրավիճակում հաղթանակ ապահովել, բայց քանի որ չի անում, իրավիճակն այսպիսին է լինում»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Լրահոս