Կանադայի Համայնքների պալատի հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն Ադրբեջանին կոչ է արել երաշխավորել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: Համայնքների պալատին ներկայացված միջնորդությունն ընդունվել է միաձայն: Այս մասին հաղորդում է Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունը: «Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերժերոնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից», - նշված է Կանադայի Հայ դատի հանձնախմբի Twitter-ի էջում տարածված հաղորդագրությունում։ Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ, նաև կառավարությունից պատասխան կպահանջվի։ Կանադայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել պատգամավոր Ստեֆան Բերժերոնին, ինչպես նաև հանձնաժողովի բոլոր անդամներին «այս հրատապ հարցում ցուցաբերած աջակցության համար»:

Լրահոս