Լուկաշենկոն շնորհավորել է Հռոմի պապին ծննդյան օրվա առթիվ եւ հրավիրել նրան Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին ծննդյան օրվա կապակցությամբ, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն՝ հղում անելով երկրի նախագահի մամուլի ծառայությանը: «Հաճելի է նշել, որ ժամանակակից աշխարհի առավել հրատապ խնդիրների լուծման ուղիների մեր տեսլականը համընկնում է։ Ամեն կերպ աջակցում եմ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հելսինկյան ոգու վերածննդի վերաբերյալ Ձեր կոչին։ Բացարձակ համաձայն եմ պարտավորությունները կատարելու անհրաժեշտության հետ, որոնք բխում են միջազգային պայմանավորվածություններից, համաձայն եմ ժողովուրդների միջեւ երկխոսությունը շարունակելու եւ վստահությունը վերականգնելու կարեւորության հետ»,-ասվում է Լուկաշենկոյի շնորհավորական ուղերձում։ Լուկաշենկոյի խոսքով՝ ե՛ւ Բելառուսը, ե՛ւ Սուրբ Աթոռը շատ բան են անում եւ միասին պետք է ավելին անեն այսօրվա ճգնաժամի կայուն լուծում գտնելու համար: «Չեմ կորցնում հավատը, որ համատեղ ջանքերը կհանգեցնեն խաղաղության եւ հանգստության մեր տարածաշրջանում»,-ասել է նա։ Նա շնորհակալություն է հայտնել Ֆրանցիսկոս պապին աղոթքների, բարեկամության, բոլոր հարցերի շուրջ բաց եւ անկեղծ երկխոսության համար եւ մաղթել քաջ առողջություն եւ երկարակեցություն: «Ուրախ կլինեմ տեսնել Ձեզ եւ Ձեր ներկայացուցիչներին բելառուսական հողում, որպեսզի շարունակենք մեր ծառայությունը ընդհանուր արժեքներին եւ համոզմունքներին»,-հավելել է Լուկաշենկոն:

Լրահոս