Լիբանանի խորհրդարանին 6-րդ անգամ չի հաջողվել երկրի նախագահ ընտրել

Լիբանանի խորհրդարանին 6-րդ անգամ չի հաջողվել երկրի նախագահ ընտրել, գրում է NNA գործակալությունը: Հոկտեմբերի 31-ին ավարտվել է Միշել Աունի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Այդ պահից ի վեր երկիրն ապրում է առանց նախագահի։ Նրա գործառույթները մասամբ կատարում է նախարարների անցումային կաբինետը: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ թեկնածուն պետք է ստանա ձայների առնվազն երկու երրորդը 128 տեղանոց խորհրդարանում, իսկ հաջորդ փուլ անցնելու դեպքում անհրաժեշտ է ստանալ 50 տոկոս գումարած մեկ ձայն: Հինգշաբթի կայացած նիստում անկախ պատգամավոր, 50-ամյա Միշել Մուավադը քվեարկության արդյունքում ստացել է 43 ձայն: 46 պատգամավորներ հանձնել են դատարկ քվեաթերթիկներ, 11 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին հաջորդ նիստը նշանակել է նոյեմբերի 24-ին: Խորհրդարանի պատգամավորները փորձում են նոր նախագահ ընտրել սեպտեմբերի վերջից։ Լիբանանն արդեն հայտնվել է նմանատիպ իրավիճակում 2014-ի մայիսից մինչեւ 2016-ի հոկտեմբեր, երբ նախագահին կարողացել են ընտրել խորհրդարանի ավելի քան 45 նիստերից հետո:

Լրահոս