Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք պետք է միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել. ԱԽ քարտուղար

Աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետությունում գտնվող ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ մարտի 29-ին, հանդիպումներ է ունեցել Լատվիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրիս Տեյկմանիսի, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Յաանիս Կաժոչնիշի, Լատվիայի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Ինգրիդա Լեւրենսի, ինչպես նաեւ Լատվիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մաարիս Չեպուրիտիսի հետ։ Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԽ գրասենյակից, հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը, ինչպես նաեւ ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանում։ Քարտուղար Գրիգորյանը գործընկերներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամն ու ՀՀ անվտանգային միջավայրի մարտահրավերները, այդ թվում Ադրբեջանի հավանական էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ եւ Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտությունը: Լատվիայի գործընկերներն Հայաստանին անվտանգային հարցերում աջակցելու եւ ԵՄ առաքելությունն ամրապնդելու հարցում իրենց պատրաստակամությունն են հայտնել:

Լրահոս