Լավրովն անուղղակի «տեղյակ պահեց», որ ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը հետևանքներ կունենա

Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի` մնո՞ւմ է, թե՞ հեռանում: Այդ մասին գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով՝ այդ համատեքստում ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենան: «Ենթադրաբար, դա նշանակում է ՌԴ-ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական: Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտա՞ժ է, թե՞ Հայաստանի նոր ընթացքը՝ դեպի ԵՄ»: Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինեն՝ կախված է իրադարձությունների ընթացքից․ «Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը: Այո´, կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում»:

Լրահոս