Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը պետք է լուծվի կողմերի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Իրանի արտաքին գերծերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որը Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի խաղաղ լուծման կարևորությունը: Այս մասին հայտնում է khabarfoori.com կայքը: Արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է. «Մենք կարծում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք կատարումը կարող է վերջակետ լինել երկու երկրների միջև առկա տարաձայնություններին»։ Նշելով, որ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը պահանջում է զերծ մնալ անհարկի լարվածությունից՝ Քանանին հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը արագ կլուծվի՝ կողմերի միջև երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով։ Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի «բնապահպանները» փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցում է Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ վերսկսելու քաղաքացիական տրանսպորտի անխափան շարժը։ ԱՄՆ Պետդեպարտամենտը, ԵՄ-ն կոչ են արել ադրբեջանական կողմին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բաքուն տեղի ունեցողը որակել է «քաղաքացիական ակտիվիստների և բնապահպանների բողոքի ակցիա»՝ ընդդեմ «հայկական կողմի հանքերի անօրինական շահագործման»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ և հուսով է, որ մոտ ապագայում այնտեղ կվերականգնվեն լիարժեք տրանսպորտային կապերը։

Լրահոս