Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի երթևեկության համար, այդ հարցը մոտ ապագայում կլուծվի․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման խնդրին։ «Երեկ ես հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Լաչինի միջանցքը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի, պետք է ազատ լինի երկու ուղղություններով բեռնափոխադրումների, ուղևորափոխադրումների և տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Կարծում եմ՝ այդ հարցը մոտ ժամանակներս կլուծվի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը «Իհարկե, այնտեղ առանձին ամրագրված է նաև, որ այդ ճանապարհով ռազմական բեռներ չպետք է ուղարկվեն։ Մեր զինծառայողներն այժմ ուսումնասիրում են ադրբեջանցիների տրամադրած տվյալները, ըստ որոնց հայկական կողմն ականներ է տեղափոխել այդ միջանցքով, հետո դրանք օգտագործվել են՝ ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող տարածքներն ականապատելու համար և այլն։ Շատ կան փոխադարձ մեղադրանքներ»,- հավելել է Սերգեյ Լավրովը։

Լրահոս