Իրավիճակը շատ նման է փակուղայինի, ինչը մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը. Աբրահամյան

Սահմանին թշնամու տեղաշարժերի ու կուտակումների հանգամանքը պետք է ավելի խորն ուսումնասիրության ենթարկվի, որպեսզի հասկանալի լինի, թե դրանք ինչպիսի վտանգ են ներկայացնում Հայաստանի կամ Արցախի համար և դրանք ինչ նպատակներ են հետապնդում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում։ Շարժերի ծավալից, ուղղություններից, շատ ավելի խորը վերլուծությունից է միայն հնարավոր հասկանալ, թե իրականության մեջ դա ինչ նպատակ է հետապնդում», - ասաց Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հարձակումները Հայաստանի և Արցախի ուղղությամբ, ցույց են տվել, որ այդ շարժերի համար երկար ժամանակ պետք չէ։ «Այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։ Մասնավորապես, Հայաստանի իշխանության հայտարարած այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից և առաջադրել այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա, այն տեսանկյունից, որ Հայաստանի համար հատվում են բոլոր կարմիր գծերը։ Իմ կարծիքով, դրանք բավականին վաղ էին հատվել, բայց իրավիճակն է շատ նման փակուղայինի, ինչը, բնականաբար, մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը», - նշեց Աբրահամյանը։

Լրահոս