Իրանում ձերբակալել են երկու հայտնի դերասանուհիների, որոնք հրապարակայնորեն հանել են հիջաբները

Իրանում ձերբակալելն են երկու հայտնի դերասանուհիների, որոնք համերաշխություն էին հայտնել բողոքի շարժմանը եւ հրապարակայնորեն հանել էին հիջաբները։ Այս մասին գրել են պետական ԶԼՄ-ները։ IRNA տեղեկատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Խենգամե Գազիանին եւ Կատայուն Ռիահին կալանավորվել են այն բանից հետո, երբ կանանց կանչել են դատախազություն՝ սոցիալան ցանցերում նրանց «սադրիչ» հաղորդագրությունները հետաքննելու համար։ Ինչպես գրել է The Guardian-ը, Իրանի հոգեւոր ղեկավարությունը ցնցված է ավելի քան երկամսյա ցույցերից, որոնք սկսվել էին ծագումով քուրդ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո։ Նրան Թեհրանում ձերբակալել էր բարքերի ոստիկանությունը։ Իսլամական հանրապետության իշխանությունները ցույցերն անվանում են «անկարգություններ» եւ դրանց հրահրման մեջ մեղադրում են երկրի արեւմտյան թշնամիներին։ Գազիանին Instagram-ում հրապարակել է տեսանյութ, որտեղ հանում է հիջաբը։ «Գուցե սա իմ վերջին գրառումն է»,- գրել է նա։ «Այս պահից, ինչ էլ որ ինձ հետ պատահի, իմացեք, որ, ինչպես միշտ, ես մինչեւ վերջին շունչս իրանցի ժողովրդի հետ եմ»,- հայտարարել է դերասանուհին։ Տեսանյութում Գազիանին անխոս նայում է խցիկին, իսկ հետո շրջվում եւ մազերը պոչ է կապում։ Անցած շաբաթ արված հաղորդագրությունում նա Իրանի կառավարությանը մեղադրել է ավելի քան 50 երեխայի «սպանության» մեջ։

Լրահոս