Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են 8 ոչ բարեկամական երկրներում․ Իրանի ՆԳՆ

Իրանում անկարգությունների կազմակերպիչները պատրաստվել են Թեհրանի համար ոչ բարեկամական ութ երկրներում։ Այս մասին երկրի հյուսիսում գտնվող Գոլեստան նահանգի շիա եւ սուննի իմամների ուրբաթօրյա աղոթքների նիստի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության ՆԳ նախարար Ահմադ Վահիդին, փոխանցում է Fars-ը։ «Վերջին անկարգությունների ժամանակ իրադարձությունների կենտրոնում գտնված մարդիկ պատկանել են տարբեր խմբերի։ Դրանցից մի քանիսը պատրաստվել են Իրանի համար ոչ բարեկամական 8 երկրներում», – գործակալությունը մեջբերում է Վահիդիի խոսքը։ Ըստ նախարարի՝ որոշ երիտասարդներ անկարգություններին միացել են համացանցի եւ սոցցանցերի ազդեցության տակ, Իրանի թշնամական երկրներն իրենց նպատակներին հասնելու համար ձգտել են անկարգություններին էթնիկական հակամարտության բնույթ տալ։ «Թշնամին ներդրել է իր բոլոր ջանքերը։ Վերջին անկարգություններին ներգրավվել են բոլորը՝ Մոջահեդների կազմակերպությունից մինչեւ սուննի Քոմալա՝ առավելագույն ճնշում գործադրելու օգնությամբ Իրանին հաղթելու համար։ Սակայն հենց իրենք հայտարարել են, որ պարտվել են», – հավելել է Վահիդին։

Լրահոս