Իրանը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել հարաբերություններն արաբական երկրների հետ

Իրանը պատրաստ է, Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո, վերականգնել հարաբերությունները Մերձավոր Արեւելքի արաբական բոլոր երկրների հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում ասել է Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։ «Հենվելով հարեւանության քաղաքականության վրա՝ մեր կառավարությունը պատրաստ է վերականգնել տնտեսական հարաբերությունները (Մերձավոր Արեւելքի) տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ նրանց հետ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը դիտարկում է որպես հենց տարածաշրջանի ամրապնդման գործոն։ Այնպիսի երկրներ, ինչպիսին Սաուդյան Արաբիան է, Իրանի հետ տնտեսական փոխգործակցության հնարավորություն կունենան»,- ասել է Խանդուզին։ Թեհրանը եւ Էր Ռիադը մարտի 10-ին, Պեկինի միջնորդությամբ, ստորագրել են համաձայնագիր դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին, երկու ամսվա ընթացքում նախատեսվում է դեսպանություններ բացել։ Համատեղ հայտարարությունն ստորագրվել է Իրանի Ազգային անվտանգության գլխավոր խորհրդի ղեկավարի եւ նրա սաուդցի գոծընկերոջ միջեւ Պեկինում մի քանի օր տեւած բանակցություններից հետո։ Նշվել է, որ երկու պետությունների արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել՝ քննարկելու համար համաձայնագրի իրականացումը։

Լրահոս