Իտալիայում սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը հասել է 13-ի

Առնվազն 13 մարդ անհետ կորել է շաբաթ առավոտյան իտալական Իսկիա կղզու Կազամիչոլա քաղաքում տեղի ունեցած զանգվածային սողանքի հետևանքով, հայտնում է RaiNews24 լրատվական ալիքը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կազամիչոլայում հորդառատ անձրևները զանգվածային սողանքի պատճառ են դարձել, ինչի հետևանքով չորս մարդ, այդ թվում՝ մեկ նորածին անհետ կորել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ սողանքի տակ է մնացել մեկ բնակելի տուն, որում եղել է երեք հոգանոց ընտանիք և 25-ամյա աղջիկ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են հրշեջները և քաղաքացիական պաշտպանության ծառայողները: Իսկիայի քաղաքապետը կղզում տեղի ունեցածն անվանել է ողբերգություն: Իսկիայի մեկ այլ՝ Լակկո Ամենո քաղաքում նույնպես լուրջ իրավիճակ է ստեղծվել: Քաղաքապետ Ջակոմո Պասկալի խոսքով՝ ցեխահոսքերը ավերել են մոտ մեկ տասնյակ շենք, 20-30 մարդ այժմ մեկուսացված է իրենց տներում։ Նշվում է, որ Իտալիայի վարչապետը մշտական կապի մեջ է Կամպանիայի տարածաշրջանային իշխանությունների և քաղաքացիական պաշտպանության ծառայության հետ:

Լրահոս