Իշխող թիմն ուզում է Ղարաբաղը հանձնելու գնով խաղաղության հասնել․ այպես կարելի է Երևանն էլ հանձնել. Թեւանյան

Մեր նպատակն էր, որ ԱԺ-ի կողմից ընդունվի այս հայտարարությունը, որովհետեւ շատ կարեւոր է, որ մեր պետությունն արձագանքի Ադրբեջանին: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը: «Ինչպես գիտենք, մենք ընդհանուր հայտարարի չեկանք իշխող խմբակցության հետ, որովհետեւ կա շատ ֆունդամենտալ տարբերություններ մեր մոտեցումների մեջ: Այդ մոտեցումների մասին չենք խոսի, լիագումար նիստին կներկայացնենք: Ցավում եմ, որ այդ տարբերությունները կան: Մեր հանրությանը կոչ եմ անում հետեւել քննարկմանը, տեսակետներին: Ես ուղղակի կուզենայի, որ իշխող խմբակցության պատգամավորները մինչեւ վերջ, բաց տեքստով ասեն, թե իրենք ինչու են դեմ եղել մեր հայտարարությանը»,-ասաց նա: Թեւանյանի խոսքով, կա երկու փիլիսոփայական մոտեցում. «Մեկն այն է, որ Ղարաբաղի գնով հասնենք խաղաղության, այսինքն Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու գնով հասնենք խաղաղության, մեր կարծիքով դա ոչ թե խաղաղության, այլ պատերազմի հայեցակարգ է, որովհետեւ այդպես կարելի է Երեւանն էլ հանձնել: Մեր մոտեցումն այլ է, որ մենք իրական խաղաղության պետք է ձգտենք մեր անվտանգային կարմիր գծերը պահելով, դրանով մեսիջ տալով  եւ մեր թշնամիներին, եւ բարեկամներին, որ պատրաստ ենք լինելու մինչեւ վերջ պաշտպանել մեր երկրի շահերը: Ցավալի է, որ Հայաստանի խորհրդարանում կա այսպիսի ռադիկալ գաղափարական հակադրություն»,-ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը: Նշենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 2-ին, արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Երկու օր առաջ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողներին հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ նիստին: «Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասել էր նա: Այժմ պարզվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել:

Լրահոս