Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանակած․ Տիգրան Աբրահամյան

Այն իշխանությունը, որը նախորդ տարի Կառավարության որոշմամբ ՊՆ 71 ռազմական օբյեկտ հանել էր աճուրդի, փորձում էր քննարկում ծավալել հարցի շուրջ, թե ինչքան վտանգավոր քայլ է իրականացվել սրանից տարիներ առաջ, երբ զորանոց հանդիսացող տարածքը, որը որեւէ չափանիշի չէր համապատասխանում, հանվել է վաճառքի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Խորհրդարան բերված թեման ունի մեկ նպատակ՝ հանրությանը շեղել Զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից, պետական կառավարման ձախողման հետեւանքով Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստներից։ Իշխանությունն այսօրվա քաղաքական միջոցառման միջոցով նպատակ ունի իրականությունը խեղաթյուրել, հանրային, հասարակական օրակարգը փոփոխության ենթարկե, եւ իրադարձությունները ներկացնել սեփական մեկնաբանմամբ։ Իշխանությունը փորձ էր անում մեկ զորանոցի օտարումը ներկայացնել որպես Զինված ուժերին հասցված մեծագույն խնդիր։»,- ասաց Աբրահամյանը։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ թիրախավորվել է Սեյրան Օհանյանը, քանի որ խորհրդարանի խոշոր ընդդիմադիր խմբակցության ղեկավարն է։ «2018 թվականից էլ ի վեր Գրիգորի եւ Յուրի Խաչատուրովներն իրենց քաղաքացիական դիրքորոշումներն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բնականաբար, իշխանության համար թիրախ են։ Իրենք գիտակցել են, որ նման տեսակետների արտահայտումը կարող է այսպիսի իրավիճակ ստեղծել, սակայն դա նրանց տեսակն է, եւ կանգնած լինելով Զինված ուժերի ստեղծման ակունքներում՝ չէին կարող անտարբեր մնալ այս ամենի հանդեպ։ Իշխանությունը նիստի էր եկել՝ մեղավորներին արդեն իսկ նշանկած։ Հնչեցվում էին անուններ, նրանց բնութագրում էին քրեական արարքներ, որոնք դատարանի որոշմամբ հաստատված չեն։ Ես հիմք չեմ տեսնում այս իշխանությունների կողմից օբյեկտիվ քննության անցկացման մասով»,- նշեց պատգամավորը։ Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իր հայտարարություններով մեծ վնաս են հասցնում Արցախի հարցով տարվող բանակցություններին, հայկական կողմի ներկայացրած հիմքերին։ «Աստված մի արասցե, հնարավոր հարձակման դեպքում, եթե Ադրբեջանը օկուպացնի Հայաստանի որեւէ մարզ, իշխանությունը հայտարարելու է, որ մենք այդ մարզը զոհելով, փրկել ենք Հայաստանի մյուս տարածքները։ Հավաքական կերպով այս ամենը միայն Գուրգեն Արսենյանին չի վերաբերում, որովհետեւ նման հայտարարություններ արել են նաեւ իշխող քաղաքական ուժի մեծ թվով ներկայացուցիչներ։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք փաստացի համարում է Նիկոլ Փաշինյանը»,- ընդգծեց նա։

Լրահոս