Իշխանությունը ներշնչում է հասարակությանը, թե ինքը ցեղասպանվելու մատերիալ է. Լիլիթ Գալստյան

Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է եւ պետականության համար ինքնասպանական։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Սիրելի հայրենակիցներ, Օրերս հրապարակվեց մեր աղետալի իրականությունն արձանագրող հանրային կարծքի մի ուսումնասիրության։ Նախ՝ հանրության թիվ մեկ խնդիրն անվտանգությունն է, երկրորդ՝ հասարակությունը համատարած հուսահատության եւ հոռետեսության մեջ է, հեռանկարի ամբողջական բացակայությամբ։ Անկարելի է հոռետեսության մեջ չհայտնվել, երբ թիվ մեկ պաշտոնյան հրապարակայնորեն խոստովանում է, որ իր նախաձեռնած «խաղաղության» գործընթացը ձախողված է եւ պետականության համար ինքնասպանական։ Երբ բանակցողն, առանց քաղաքական պատասխանատվության գիտակցումի, հայտարարում է՝ «այս ամենից ցեղասպանության տպավորություն է ստացվում, կամ հենց այդպես էլ կա»։ Այո, հայ ժողովուրդը համատարած հուսահատության մեջ է, եւ ոչ միայն պատերազմում կրած պարտության եւ անդառնալի կորուստների, կամ աշխարհաքաղաքական պատճառովներով։ Այլեւ փակուղային այն իրականության պատճառով, որի մեջ գոյատեւում ենք․ քաղաքական պատանդներ, պետական եւ ազգային ինստիտուտների արժեզրկում, սահմանադրական նորմերի ոտնահարում, օկուպացված սահմաններ, ինքնության կորուստ, համատարած սուտ, անթաքույց կոռուպցիա, սոցիալական անլուծելի խնդիրներ: Նաեւ այն ուղղորդված քաղաքականության արդյունքում, որը մեթոդաբար ներշնչվում է հասարակությանը, թե ինքը «ցեղասպանվելու» մատերիալ է։ Չի կարող մղձավանջի մեջ չհայտնվել մի ժողովուրդ, որի թիվ մեկ դեմքը, թշնամուն համահունչ, Որոտանին Էյվազլի, իսկ Առաջաձորին՝ Չայզամի է կոչում։ Նշաձող իջեցնող, միջազգային վարկանիշ ու բանակցային կարողություն չունեցող մի իշխանություն, որը փորձում է հասարակությանը պարտադրել սեփական պարտվողականությունն ու ամլությունը, հայտարարելով, թե «Միայնակ ամբողջ աշխարհի դեմ պիտի կռիվ չտանք, որովհետեւ չենք կարող տալ»։ Մեր հաղթանակները մերժածներ, դուք բարոյական եւ քաղաքական իրավունք չունեք նվաստացնել մեր հավաքական արժանապատվությունն ու հեռանկարը: Դժվար թե չգիտակցեք, որ ցանկացած երկրի ռազմավարական ռեսուրսների թվում նաեւ տվյալ ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրն է, ազգային տեսլականների եւ հաղթանակների շուրջ համախմբումը: Ի դեպ, ոչ պատահականությամբ, բյուջե 2023-ում Անկախության օրվա տոնակատարություն նախատեսված չէ։ Բայց դուք սեփական իշխանությունն ավելի եք գանահատում, քան ներազգային համերաշխությունը։ Իշխանության եկաք «քաղաքացիական վրեժի եւ քաղաքական վենդետայի, բունտար համայնքապետերին ու ընդդիմադիրներին լռեցնելու, իրավապահ մարմինների դուբինկեքի եւ կրունկների տակ թողնելու խոստումներով»։ Քաղաքական մեծամասնություն, համոզված եմ, հիշում եք այս խոսքերը, գիտակցում, թե ուր եք հասցրել երկիրը եւ որտեղ եք հայտնվելու դուք։ Բայց խոսքս ուղղում եմ մեր հայրենակիցներին։ Մենք պատմականորեն ավելի աղետալի եւ անհույս ժամակներ էլ ենք ապրել, բայց հաղթահարել ենք: Մերն արժանապատիվ խաղաղությունն է: Կհաղթահարենք նաեւ հիմա՝ համազգային ներուժով, ազգային նպատակներին նվիրումով, չհանդուրժելով, որ մեջ արթնանա պարտությանը հաշտ, անհայրենիք տեսակը»,- իր ելույթում նշել է պատգամավորը։

Լրահոս