Ինչպես են ընթացել ընտրությունները Ղազախստանում. բացառիկ մանրամասներ Աստանայից

Ղազախստանում կայացավ խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում էին 7 քաղաքական ուժ` «Ամանաթը», Դեմոկրատական «Ակ ժոլ» կուսակցությունը, Ղազախստանի ազգային կուսակցությունը, «Աուիլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցությունը, Համազգային սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Ղազախստանի կանաչների «Բայտակ» կուսակցությունը եւ «Հանրապետություն կուսակցություն» հասարակական միավորումը: Մաջիլիսի պատգամավորների 69 մանդատին հավակնող կուսակցությունների ցուցակում ընդգրկված էր 281 թեկնածու: Բացի այդ, հանրապետությունում կազմակերպվել էր 29 միամանդատ մեծամասնական ընտրատարածք, որտեղ պայքարում էին ինչպես կուսակցությունների ներկայացուցիչները, այնպես էլ ինքնաառաջադրվածները: Թե ինչպես է ընթացել ընտրությունները, «Իրավունքը» բացառիկ մանրամասներ է պարզել, որպես անկախ դիտորդ, Աստանայում գտնվող Հանուն Սոցիալական արդարության կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ: — Ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել տեղի ունեցած ընտրությունների վերաբերյալ: — Ընտրություններն անցան բավականին ակտիվ եւ լավ մթնոլորտում: Աստանայում 8-10 ընտրատեղամասերում եմ եղել, եւ բոլոր տեղերում շատ գրագետ, կազմակերպված ընտրական գործընթաց էր տեղի ունենում: Այն ընտրատեղամասերում, որտեղ ես եմ եղել, որեւէ արտառոց բան չեմ նկատել, բացի նրանից, որ, իսկապես, դրական գործընթաց է տեղի ունենում: Մարդիկ գալիս էին բավական մեծ հոսքերով, հանգիստ, առանց որեւէ խոչընդոտների, հերթերի իրացնում էին իրենց քաղաքացիական պարտքը: Ասեմ, որ բավականին շատ միջազգային դիտորդներ կային տարբեր երկրներից, այդ թվում՝ արեւմտյան, ինչպես նաեւ կային դիտորներ միջազգային կազմակերպություններից, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ԱՊՀ-ն, Շանհայի համագործակցության կազմակերպությունը: — Որպես ընտրական գործընթացին ներգրավված հայաստանցի անկախ դիտորդ՝ ի՞նչ հետաքրքիր փաստեր եք, այնուամենայնիվ, արձանագրել: — Նախ ասեմ, որ ընտրական գործընթացում բավականին շատ երիտասարդություն էր ներգրավված: Ամենակարեւորն այն էր, որ մարդիկ գալիս էին իրենց երեխաների հետ, եւ երբ հարցնում էիր, ասում էին՝ ուզում են, որ սրանով երեխաները քաղաքացիական պարտքի արժեքը հասկանան եւ սովորեն: Հատկանշական էր այն, որ ում 18 տարեկանը նոր էր լրացրել եւ առաջին անգամ էին մասնակցում ընտրություններին, ինչպես նաեւ տարեց ընտրողներին նվիրում էին սիմվոլիկ թեյնիկներ, շապիկներ: Սա շատ ոգեւորիչ էր թե՛ տարեց մարդկանց համար, թե՛ երիտասարդների, բայց համատարած բնույթ չէր կրում բոլոր ընտրատեղամասերում, համենայնդեպս, ես հանդիպել եմ ընդամենը մեկ ընտրատեղամասում: Նաեւ հետաքրքիր էր այն, որ այն մարդիկ, ովքեր ունեին առողջության հետ կապված խնդիրներ եւ չէին կարողանում գալ ընտրատեղամաս, նրանց հնարավորություն էր տրվում, որ տանից քվեարկեին: Գալիս էին տուն կամավորները, եւ մարդը կարողանում էր քվեարկել: Սա շատ լավ տարբերակ է: Կցանկանայի, որ Հայաստանում եւս կարողանայինք այս փորձը կիրառել: ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Լրահոս