Ինչպես Գորիս-Կապան ճանապարհի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշի դեպքում. Աբրահամյան

Այն խնդիրները, որոնք այսօր առաջանում են քաղաքական այս դիսկուսում, ունեն շատ խորքային հետևանքներ և դրանք տարբեր աղյուսակներում են տեղավորվում, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ մի մասը տեղավորվում է զուտ բանակցային գործընթացներում դրսևորված զիջողական քաղաքականության մեջ, որը շանտաժի դաշտ է բացում՝ հետագայում ՀՀ-ից այլ զիջումներ կորզելու և ստանալու համատեքստում։ Հետո էլ այն անվտանգային մեծ խնդիրներ է առաջացնում՝ հաշվի առնելով 4+4 տարբերակը, այսինքն՝ Ադրբեջանին սահմանակից 4 գյուղերի, իսկ հետագայում նաև 4 անկլավների թեման։ Սա մեխանիկական առումով զուտ կոմունիկացիաների տեղափոխման հարց չէ, որ ժամանակ պահանջի և դու կարողանաս տեղափոխես։ Այս առանցքը, որտեղով անցնում են մայրուղիները և կոմունիկացիաները, դրանք կոնկրետ տեղամասի համար մարտավարական ու ռազմավարական նշանակություն ունեին։ Եվ հետագայում թիկունքում նոր կոմունիկացիաների ստեղծումը չի լրացնելու, լուծելու բոլոր այն հարցերը, որոնք այսօր առկա են»։ Պատգամավորը հիշեցրեց, որ պատերազմից հետո Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու ժամանակ իշխանությունները խոսում էին կոմունիկացիաներից և հայտարարում էին, որ նոր, ժամանակակից ճանապարհներ են կառուցելու.«Իսկ ի՞նչ ունենք մենք Սյունիքի այդ հատվածում. ունենք բնակավայրեր, որոնք հանձնված են, կոմունիկացիաներ, որոնք հանձնված են։ Ինչպես այդ պարագայում մեծացավ Սյունիքի մարզի խոցելիությունը, այս դեպքում էլ մեծանալու է Տավուշի մարզի խոցելիությունը։ Ուշադրություն դարձրեք, որ այս երկու մարզերը, որոնց վերաբերյալ ես համեմատության մեջ դիտարկումներ արեցի, երկու դեպքում էլ առանցքային նշանակություն ունեն այն տեսանկյունից, որ մեկը հյուսիսում մեզ կապում է Վրաստանի հետ, մեկն էլ հարավում՝ Իրանի հետ»։

Լրահոս