Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Սամսոնյանին․ Թովմասյանը գրություններ է ուղարկել դատախազին և ՆԳ նախարարին

ԱԺ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Գրություններ՝ ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։ Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։ ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել. Ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին: Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում ասֆալտին: Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել: Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ: ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ. ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական, Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։ Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։

Լրահոս