Ի՞նչ է պատրաստվում անել պատասխանատվություն կրող քաղաքապետարանը

Այսօր` դեկտեմբերի 5֊ին Հանրապետության հրապարակում կվառվեն տոնածառի լույսերը։ Հրապարակի զարդարանքը հեքիաթային է և հազարավոր մարդիկ սպասում են այդ հեքիաթային արարողությանը` չգիտակցելով, որ այդ ամենն արվել է վնաս հասցվելով հրապարակի շենքերին։ Տոնածառը թողնենք մի կողմ. շենքերին վնաս են հասցրել այն հարյուրավոր լույսերը, որոնք հեղույսներով ամրացված են շենքերին։ Թե ինչպե՞ս են այս իշխանությունները վերանորոգելու մշակութային ժառանգություն համարվող կառույցները դեռ պարզ չէ, չնայած, որ ԿԳՄՍ նախարարն ասում է, որ քաղաքապետարանը շենքերը նույնությամբ վերանորոգելու պատասխանատվությունը վերցրել է իր վրա։ Այս ամենի հետ կապված փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ ամանորյա զարդարանքների պատճառով շենքերի պատերին մետաղյա ձողերի ու անցքերի հետքերը վերականգնվելու է, սակայն ճարտարապետները պնդում են, որ զարդանախշերի վրա արված միջամտությունները նույնությամբ չեն կարող վերականգնել։ Թե ի՞նչ են պատրաստվում անել այս իշխանությունները Ամանորից հետո իրենց իսկ կողմից ապականված շենքերը վերականգնելու համար` դեռ հստակ պատասխան չկա։ Սակայն պարզ է, որ նույնությամբ հնարավոր չի լինի դրանք վերականգնել, քանի որ դրանք տուֆից են կառուցված։ Իհարկե հետքերը տեսանելի կլինեն ամանորյա տոնակատարություններից հետո, երբ արդեն լույսերը հավաքված կլինեն և հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ի՞նչ է պատրաստվում անել պատասխանատվություն կրող քաղաքապետարանը` զարդանախշերը վերականգնելու համար։
Լուիզա Մկրտչյան

Լրահոս