Ի՞նչ է խելացի քաղաքը և ի՞նչ դեր ունեն տեխնոլոգիաները դրանք կառուցելու գործում

Խելացի են այն քաղաքները, որոնք նախագծվել և ղեկավարվում են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, որպեսզի քաղաքի կառավարումն ավելի արդյունավետ կազմակերպվի, մարդկանց կյանքն ավելի բարելավվի, տվյալ քաղաքում ապրելն ավելի անվտանգ լինի, իսկ շրջակա միջավայրն ավելի կայուն դառնա, ասում է Abram's Cattle ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Առնել Պաչիանո Կազանովան։ Նրա խոսքով՝ խելացի քաղաքներից շատերը (Սինգապուր, Նյու Յորք) զարգացած երկրներում են հանդիպում հիմնականում այն պատճառով, որ տեխնոլոգիաների կիրառումը մեծ ներդրումներ է պահանջում։ Ֆիլիպիններում, օրինակ, որտեղից է Առնել Կազանովան, խելացի քաղաքների համար միայն կառավարության կամ քաղաքային բյուջեի ֆինանսավորմամբ չեն սահմանափակվում և օգտագործում են նաև մասնավոր կապիտալը։ Աղետներ, շրջակա միջավայր Առնել Կազանովայի խոսքով՝ տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, մեծ կիրառություն ունեն և կարող են ունենալ քաղաքների վերաձևավորման և դրանք ավելի խելացի դարձնելու գործում: Օրինակ՝ աղետների դիմակայման չափումը, թե աղետի ժամանակ որքան արագ կարող է քաղաքային իշխանությունն արձագանքել բնակիչներին անվտանգ տարածք տեղափոխելու հարցում։ «Օրինակ՝ Ֆիլիպիններում մեր քաղաքները տեղակայված են ծովափնյա տարածքներում և մենք միշտ փոթորիկների և ցունամիների վտանգի տակ ենք: Նույն իրավիճակն է նաև Ճապոնիայում: Տոկիոն, ինչպես նաև Ճապոնիայի շատ այլ քաղաքներ, աղետների մասին վաղ նախազգուշացման համար կիրառում են խելացի տեխնոլոգիաներ: Երբ երկրաշարժ է լինում, անմիջապես, շատ արագ մարդկանց տարհանում է տեղի ունենում, ինչը շատ կարևոր է»,- ասում է նա: Մեկ այլ օրինակ է օդի որակի չափումը։ Տեխնոլոգիաների միջոցով կարելի է չափել, թե քաղաքի որ հատվածում է օդն ավելի մաքուր և որ հատվածում ավելի կեղտոտ, և ինչ միջամտություն պետք է անի կառավարությունը, որպեսզի կարողանա օդը շատ ավելի լավը դարձնել քաղաքացիների համար: Էլեկտրաէներգիայի խնայողություն Տեխնոլոգիաների օգնությամբ քաղաքներում կարելի է խնայել էլեկտրաէներգիան։ Օրինակ՝ արհեստական բանականության միջոցով համակարգիչը կարող է հաշվարկել և բացահայտել, թե որոնք են հիմնական ճանապարհները և երեկոյան ժամերին ավելի շատ լուսավորություն ապահովել հենց այդ փողոցներին։ Կամ նույն տրամաբանությամբ հասարակական հաստատությունները, վայրերը լուսավորվեն այն ժամանակ, երբ դրա կարիքը կա, օրինակ՝ հանրային զուգարանները, շենքերի մուտքերը և այլն։

Լրահոս