Ժողովուրդը պատրաստ է տանելու այս դժվարությունները և շարունակելու մեր պայքարը. Արցախի ԱԺ պատգամավոր

Արցախի Հանրապետության համայնքների բնակչությանը շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների բնակչության հետ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող քայլերն ու անելիքները: «Այս այցերի նպատակը ժողովրդին տեղեկացնելն է ու նրանից որոշակի տեղեկություններ ստանալը: Հերթական անգամ համոզվեցի, որ ժողովուրդը չի տրտնջում, պատրաստ է տանելու այս դժվարություններն ու ծանրությունը և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ համայնքների բնակչության հետ հանդիումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները ի մի կբերվեն և կքննարկվեն օպերատիվ շտաբի հետ, ըստ որի էլ կմշակվի հետագա քայլերի ռազմավարությունը: Բերդաշեն համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Աբալյանիխոսքով՝ բնակչությանն առավել մտահոգում է անորոշությունը՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ու ապագայի նկատմամբ: Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ: «Այս շրջանում խաղողայգիները ոռոգելու ժամանակն է, որի համար պետք է վար կատարվի՝ հողը փխրեցնելու և ջուրն անցկացնելու համար: Չնայած մեծամասնությունը մինչ այս հասցրել են կատարել աշնանացանը, սակայն մի մասն էլ կիսատ է մնացել: Հույս կա, որ այդ վարելահողերը կօգտագործվեն գարնանացանի համար»,-մանրամասնել է մեր զրուցակիցը: Ընդհանուր առմամբ Բերդաշենի բնակչությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովմանը, տրամադրվող պարենամթերքի համաչափ բաշխման գործիքակազմի ներդրմանն ու գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի խնդիրները: Հանդիպմանը ներկա էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ով բերդաշենցիների բարձրաձայնած հարցերին ի պատասխան տեղեկացրել է, որ դրանց մի մասն արդեն իսկ քննարկվել է օպերատիվ շտաբում և առաջիկայում լուծում կստանան:

Լրահոս