Թուրքիայում դատարանը քարոզչին դատապարտել է 8,6 հազար տարվա ազատազրկման  

Ստամբուլի քրեական գործերով շրջանային դատարանը չորեքշաբթի հաստատել է թուրք քարոզիչ Ադնան Օքթարի եւ բազմաթիվ հանցագործությունների գործով եւս 13 ֆիգուրանտների 8 658 տարվա ազատազրկման դատավճիռը: Այս մասին հայտնել է Haberturk հեռուստաալիքը՝ դատավճիռն անվանելով ռեկորդային։ Օքթարը 2021 թվականին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման սեռական ոտնձգությունների եւ բռնության համար, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ, մարդկանց առեւանգման, հարկային օրենսդրության խախտման համար։ Ընդհանուր առմամբ, գործով 215 ֆիգուրանտ կա, նրանց մի մասը դատապարտվել է «Օքթարի հանցավոր կազմակերպությանը» մասնակցելու համար, սակայն դատավճիռը բեկանվել է վերաքննիչ ատյանի կողմից, եւ գործընթացը սկսվել է նորից: Անցյալ տարվա նոյեմբերին գործի ֆիգուրանտները դատապարտվել էին 8 658 տարվա ազատազրկման, դատարանի որոշման դեմ նույնպես բողոք էր ներկայացվել: Օքթարը «իսլամական կրեացիոնիզմի» ուսմունքի հեղինակն է, որը հերքում է էվոլյուցիայի տեսությունը։

Լրահոս